ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Միջերկրական ծովի արևելքում Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված երրորդ բալիստիկ հրթիռի խոցումից հետո Անկարան Թեհրանից բացատրություն է պահանջել, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիան չի բացահայտել երրորդ հրթիռի թիրախը՝ նշելով միայն, որ այն «ներխուժել է» երկրի օդային տարածք։ Սակայն, ըստ Reuters-ի ականատեսի և սոցիալական ցանցերի կողմից հաստատված կադրերի, գիշերը պայթյուն է լսվել, իսկ Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազայի մոտակայքի կառույցների պատուհանները դղրդացել են:
«Անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են վճռականորեն և առանց վարանելու մեր երկրի տարածք և օդային տարածք ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ։ Խորհրդակցություններ են անցկացվում համապատասխան երկրի հետ՝ միջադեպի բոլոր ասպեկտները պարզաբանելու համար»,- Թուրքիայի նախարարությանը մեջբերում է Reuters-ը։
Ինջիրլիքի ռազմակայանում տեղակայված են ԱՄՆ ՌՕՈՒ ուժերը՝ Թուրքիայի և այլ երկրների անձնակազմի հետ միասին։ Անկարան հայտարարում է, որ Վաշինգտոնը չի օգտագործել թուրքական բազան Իրանին Իսրայելի հետ համատեղ ավիահարվածի ժամանակ: ՆԱՏՕ-ի ռադարային բազան Կուրեջիկում գտնվում է Ինջիրլիկից հյուսիս-արևելք՝ Մալաթիայի հարավ-արևելքում։ Այն դաշինքի համար կենսական պաշտպանություն է ապահովում, այդ թվում՝ Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռների հայտնաբերում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մարտի 4-ին հայտնել էր, որ Իրանից թուրքական օդային տարածքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը Միջերկրական ծովի արևելյան հատվածում որսացել են ՆԱՏՕ-ի ուժերը: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներողություն էր խնդրել միջադեպի համար և հայտարարել, որ Իրանը զերծ կմնա հարևաններին հարվածելուց: Ավելի ուշ Թուրքիայի զինված ուժերը տեղակայել էին ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգը երկրի հարավ-արևելքում՝ ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ բազայի հարևանությամբ:






































