Իրանը շարունակում է սխալ քայլեր ձեռնարկել՝ չնայած նախազգուշացումներին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների հետ համակարգված հետևում են զարգացումներին։ Նա հավելել է, որ Թուրքիայի անվտանգությունն ամրապնդելու լրացուցիչ միջոցառումները կշարունակվեն։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Գազիանթեփի Շահինբեյ շրջանի երկնքում չեզոքացվել է Իրանից արձակված և Թուրքիային ուղղված բալիստիկ հրթիռը։ Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և Կիպրոսի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը և աջակցություն հայտնել թուրք ժողովրդին։
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի միջև մարտերը շարունակվում են արդեն 10-րդ օրը: 13 երկիր այժմ ներգրավված է կամ տուժել է հակամարտությունից, այդ թվում՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան և Թուրքիան:




























