Թեհրանը հայտարարել է, որ կհարվածի ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին Մերձավոր Արևելքում, եթե հարձակում իրականացվի Իրանի էլեկտրակայանների վրա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը։
«Եթե հակառակորդը հարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, կհարվածենք Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող էներգետիկ և տեղեկատվական ենթակառուցվածքների բոլոր օբյեկտներին, ինչպես նաև տեխնոլոգիական կենտրոններին և աղազերծման կայաններին»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդես էր եկել վերջնագրով՝ հայտարարելով, որ եթե Իրանը «48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց սպառնալիքների չբացի Հորմուզի նեղուցը, ապա ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի Իրանում գտնվող տարբեր էլեկտրակայաններ՝ սկսելով ամենախոշորից»։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Հակամարտությունից տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







