Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարվածի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, X-ում հայտնել է Սաուդիան Արաբիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ դեսպանատանը նյութական վնաս է պատճառվել: Տելեգրալ ալիքներում տարածվող տեսանյութերում հսկայական ծուխ է երևում: Հարձակումից հետո Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցչությունն Էր Ռիադում, Ջիդդայում և Դահրանում տագնապ է հայտարարել «թաքստոցներ ստեղծելու» վերաբերյալ:
Անօդաչու թռչող սարքերի հարվածներից տուժածների մասին անմիջական հաղորդումներ չեն ստացվել, սակայն դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ սահմանափակում է ուղևորությունները տարածաշրջանի ցանկացած ռազմական օբյեկտ:
«Խորհուրդ ենք տալիս Թագավորությունում գտնվող ամերիկացի քաղաքացիներին անհապաղ պատսպարվել և խուսափել դեսպանատուն այցելելուց՝ մինչև հետագա ծանուցում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետդեպարտամենտն ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Մերձավոր Արևելքի ավելի քան մեկ տասնյակ երկրներից, այդ թվում ՝ Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Իրանին ուղղված ամերիկա-իսրայելական հարվածների ֆոնին:
Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերով պետքարտուղարի օգնական Մորա Նամդարը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է դուրս գան մատչելի կոմերցիոն տրանսպորտով՝ «անվտանգության ռիսկերի պատճառով»:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն այսօր հաղորդել է, որ վեց ամերիկացի զինծառայող է մահացել Իրանի պատասխան հարձակումների ժամանակ ծանր վիրավորվելուց հետո:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն փոտրվարի 28-ին «կանխարգելիչ հարված» է հասցրել Իրանին, քանի որ գիտեր, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել, որը, նրա խոսքով, կնշանակեր Իրանի պատասխան գործողություններն ամերիկյան զորքերի դեմ:
«Գիտեինք, որ եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկենք նախքան այդ հարձակումները, ավելի շատ կորուստներ և զոհեր կունենանք: Չեմ պատրաստվում բացահայտել մեր մարտավարական ջանքերի մանրամասները, բայց ամենածանր հարվածները դեռ պետք է հասցվեն ամերիկացի զինվորականների կողմից»,- ասել է նա:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ին ու 2-ին պայթյուններ էին գրանցվել նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան:




























