ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում զոհվել է ամերիկացի երեք զինծառայող, ևս հինգը՝ ծանր վիրավորվել, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ մի քանիսն ստացել են թեթև բեկորային վնասվածքներ և ուղեղի ցնցում։ Հրամանատարությունը հավելել է, որ «լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են»։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթերը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։





































