ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին՝ Ժնևում, հաղորդում է Euronews-ը:
Միջնորդ Օմանը հաստատել է այդ տեղեկությունը՝ հույս հայտնելով առաջընթացի վերաբերյալ՝ չնայած ԱՄՆ-ի ռազմական կուտակումներին և Թեհրանում վերսկսված բողոքներին։
Օմանի հայտարարությունից քիչ առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CBS-ին տված հարցազրույցում ասել էր, որ հինգշաբթի Ժնևում նախատեսում է հանդիպել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի հետ և նշել, որ միջուկային հարցում դիվանագիտական լուծման «լավ հնարավորություն» դեռ կա։
Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 15 օր ժամանակ էր նախատեսել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:





































