Ալբանիայի կառավարությունը կարող է կորցնել Դիելլա (ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արև») անունով «արհեստական բանականության նախարարի» կերպարի իրավունքները՝ մոդելի կողմից պայմանագրի պայմանները խախտելու համար ներկայացված դատական հայցի պատճառով, հայտնել է Politico-ն։
«Կարծում ենք՝ այս դատական հայցն աբսուրդ է, բայց ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մեկընդմիշտ լուծել այս հարցը դատարանում»,- թերթին ասել է կառավարության խոսնակ Մանջոլի Հասան։
Դիելլան ստեղծվել է դերասանուհի Անիլա Բիշայի կերպարի և ձայնի միջոցով։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, Բիշան դատական հայց էր ներկայացրել կառավարության և նախագծին մասնակցող մասնավոր ընկերության դեմ: Հայցում նա պնդում է, որ կառավարությունը շարունակել է օգտագործել իր արտաքին տվյալները համաձայնեցված ժամկետից և շրջանակից դուրս՝ պատճառելով իրեն զգալի վնաս:
Ալբանիան դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որը, որպես պետական գնումների համար պատասխանատու նախարար, օգտագործել էր արհեստական բանականությամբ աշխատող մոդել: Վարչապետի խոսքով՝ սա անհրաժեշտ էր «100% անկաշառ» համակարգ ստեղծելու համար:
Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը չէր հաստատել «արհեստական բանականությամբ աշխատող նախարարին» վարչապետ Էդի Ռամայի կողմից առաջադրված կառավարության մյուս անդամների շարքում: Ավելի ուշ վարչապետը ներկայացրել էր Դիելլայի «երեխաներին», որոնք պետք է ծառայեին որպես խորհրդարանի անդամների օգնականներ, ձայնագրեին խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունները և տեղեկացնեին օրենսդիրներին բաց թողնված քննարկումների և միջոցառումների մասին:



































