WhatsApp դոմեյնն անհետացել է ՌԴ ազգային դոմեյնային անվանումների համակարգի (NDNS) ցանկից, հայտնում է «Կոմերսանտը»։
NDNS-ն ենթակառուցվածք է, որն ստեղծվել է «սուվերեն RuNet» օրենքի շրջանակներում: Սարքերն այլևս չեն ստանում մեսենջերի IP հասցեներ, և կարելի է մուտք գործել միայն VPN-ի միջոցով:
NDNS-ից անհետացել են միայն whatsapp.com և web.whatsapp.com դոմեյնները, սակայն մեսենջերի տեխնիկական դոմեյնը՝ whatsapp.net-ը, և quicklink դոմեյնը՝ wa.me-ն, դեռևս ցուցակում են:
Փետրվարի 10-ին NDNS-ից անհետացել էր նաև YouTube-ի դոմեյնը: 2024 թվականին Discord-ը և Signal-ը «անջատվել» էին, սահմանափակվել էր Viber-ի հասանելիությունը։ 2025 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում արգելափակվել էր SnapChat-ը։






































