Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ, նա հոսպիտալացվել է, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնյային:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՔԿ-ից նշել են, որ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքերից մեկում ինքնությունը դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել գեներալի ուղղությամբ և փախուստի դիմել դեպքի վայրից:
Ներկայումս մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետներն աշխատում են դեպքի վայրում, ուսումնասիրվում են տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննում ականատեսներին:






































