Իսրայելը թույլ չի տա պաղեստինյան պետություն ստեղծել Գազայի հատվածում, իսկ տարածաշրջանի վերականգնումը չի սկսվի, մինչև ՀԱՄԱՍ շարժման ապառազմականացումն ու լիակատար զինաթափումը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է DW-ն։
Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ամբողջ տարածքի, այդ թվում՝ Գազայի հատվածի նկատմամբ:
«Արդեն լսում եմ հայտարարություններ այն մասին, որ մենք թույլ կտանք Գազայի վերականգնումը մինչև ապառազմականացում։ Դա տեղի չի ունենա: Լսել եմ, որ մենք պատրաստվում ենք Գազա տեղափոխել թուրք և կատարցի զինվորներին։ Դա նույնպես տեղի չի ունենա։ Ես լսում եմ, որ թույլ կտամ Գազայում ստեղծել պաղեստինյան պետություն: Դա չի եղել և չի լինի»,- Նեթանյահուի խոսքը մեջբերում է The Times of Israel պարբերականը։
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ հունվարի 26-ին վերջին պատանդի՝ 24-ամյա Ռան Գվիլիի աճյունի վերադարձից հետո Իսրայելը կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի սպառազինության ոչնչացման և Գազայի հատվածի ապառազմականացման վրա, որը ներառում է նաև զինյալների թունելների ոչնչացումը: Նեթանյահուի խոսքով՝ դա ձեռք կբերվի կա՛մ պարզ, կա՛մ բարդ եղանակով, բայց տեղի կունենա «ամեն դեպքում»:





































