Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 քաղաքացիական անձ, այդ թվում՝ ոստիկաններ և ԻՀՊԿ անդամներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի անվտանգության ուժերի աղբյուրը։
«Վերջին հինգ օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 500 իրավապահ մարմինների աշխատակից և քաղաքացիական անձ։ Բացի այդ, վիրավորվել են հարյուրավոր քաղաքացիական անձինք»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ զոհվել է իրավապահ մարմինների, ԻՀՊԿ և Բասիջի ուժերի 110 աշխատակից, ինչպես նաև բազմաթիվ սովորական անցորդներ և հասարակական տրանսպորտի ուղևորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ցուցարարներ։
«Հարձակումներ են տեղի ունեցել մանրածախ առևտրականների, խանութների աշխատակիցների, պահեստի աշխատակիցների, տրանսպորտային ընկերությունների, պետական մարմինների, անվտանգության ուժերի և ոստիկանության վրա»,- հավելել է աղբյուրը։
Նշվում է, որ օգտագործվել են հրազեն, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, դանակներ և մաչետեներ, իսկ ցուցարարները բախումներ են հրահրել ոստիկանության հետ՝ մյուսներին էլ նույնն անել հրահրելով։
Reuters-ը, հղում անելով ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների կազմակերպությանը, հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 572 մարդ՝ 503 ցուցարար և 69 անվտանգության աշխատակից։ Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 10,694 մարդ։
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե՝ դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: Իրանագետ Տիգրան Դավուդյանը հունվարի 11-ին հայտնել էր Իրանում հայ ցուցարարի մահվան մասին։




































