Այսօր ` հունիսի 19- ին Ազգային ժողովն 115 կողմ , 0 դեմ , 0 ձեռնպահ ձայնով ընդունել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ․ ծրագրի մասին ՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՛՛ օրենքի նախագիծը , ըստ որի 2 կազմակերպություն ` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն :
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում , ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն , ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում :
Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցն ունի թե ախտորոշիչ և թե բուժական հնարավորություններ։
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ , մասնավորապես . այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է , որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի : Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երևան քաղաքի և մարզերի բժշկական կենտրոններում , ինչպես նաև ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը և բուժումը :
ՀՀ առոջապահության նախարարը նշել է , որ այս ընկերությունների գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է , ինչը , միանշանակ , չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







