Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա այսօր կայանալիք հանդիպումից առաջ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Նշվում է, որ եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:
«Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՖՖ-ն բոլոր երկրպագուներին հորդորում է հերթերից խուսափելու համար մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ։
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին։
ՆԳՆ ոստիկանությունն էլ զգուշացրել էր, որ մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա 2015 թվականի հունիսին Երևանում հեթ-տրիկ էր ձևակերպել՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորման փուլում 3։2 հաշվով հաղթանակ բերելով Պորտուգալիային։






































