ՆԳՆ ոստիկանությունից զգուշացրել են, որ մինչ սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է։
Հայտարարության մեջ նշվում է, որ ֆուտբոլային խաղի տոմսերն, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ:
«Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի մարդու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր, զգուշացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել՝ հորդորելով հետագա բարդություններից խուսափելու համար շուկայից չգնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմս։
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 20։00-ին։
Երկու հավաքականն էլ ընդգրկված են F խմբում՝ Հունգարիայի և Իռլանդիայի հետ միասին։ Խմբային փուլը տևում է 2025 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր, որտեղ հաղթողը կապահովի ուղիղ որակավորում Աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ երկրորդ տեղը գրավածը՝ փլեյ-օֆֆ փուլ։
Խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա 2015 թվականի հունիսին Երևանում հեթ-տրիկ էր ձևակերպել՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորման փուլում 3։2 հաշվով հաղթանակ բերելով Պորտուգալիային։





































