Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77 կգ) կայացնում է ԱՊՕՐԻՆԻ, ՀԱԿԱՍՊՈՐՏԱՅԻՆ, ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ որոշում։ Այդ մասին իր Ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր, հունահռոմենական ոճի ըմբիշ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյան՝ անդրադառնալով ըմբշամարտի ֆեդերացիայի հայտարարությանն այն մասին, որ Օլիմպիական խաղերին 77 կգ քաշային կարգից կմասնակցի Կարապետ Չալյանը։
Ջուլֆալակյանը մասնավորապես գրել է․ «Մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, որը զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն…)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ, և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, որը նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով»:
Մարզիկը նշում է, որ ոտնահարվել են իր իրավունքները։ Իրեն չեն տվել մրցակցելու հնարավորություն։
Ջուլֆալակյանը նաև նշում է, որ խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է, և, անկախ ամեն ինչից նա է մասնակցելու։
«Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։
Ակնկալում եմ սրտացավ և արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։ Դեռ ուշ չէ վերականգնելու այն»,-գրել է մարզիկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







