Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մինասյանին և կոչ արել իրավական գնահատական տալ «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում երկրպագուներին, այդ թվում՝ իր որդուն բերման ենթարկելու ոստիկանության գործողություններին։
Մարտի 1-ի երեկոյան Հայաստանի Պրեմիեր լիգայի վերոնշյալ հանդիպման ժամանակ երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ՀՖՖ նախագահի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ակցիայից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 9 մասնակցի։
«Տեսողության խնդիրներ ունեցող, ակնոց կրող 20-ամյա` իրենցից յուրաքանչյուրի կես քաշն ունեցող երիտասարդի հետ այնպես են վարվում, կարծես վտանգավոր հանցագործ վնասազերծեն»,- գրել է Աբգարյանը՝ հավելելով, որ իր որդին ընդամենը կանգնած էր խաղադաշտում։
Միջադեպից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հայտնել էր, որ հրաժարվել է անդամությունից։
2024 թվականի հոկտեմբերին, UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Հունվարի 30-ին երկրպագուները ՀՖՖ-ին մեղադրել էին ազգային հավաքականի խաղերին իրենց ներկայությունը կանխելու մեջ։ Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։
Փետրվարի 28-ին First Armenian Front ֆան շարժումը (FAF) հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
Մարտի 1-ին «Վան»-«Ալաշկերտ» հանդիպումն ընդհատվել էր ակցիայի պատճառով։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ միջադեպից հետո 5 անձ հրավիրվել է համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։