Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 0։0 հաշվով է ավարտել հանդիպումը Չեռնոգորիայի ընտրանու հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հանդիպումը կայացել է Պոդգորիցայում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը խաղն սկսել է առանց հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի։ Նա խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում, սակայն Հայաստանի հավաքականին չի հաջողվել հաղթանակի հասնել։
Չեռնոգորիայի հավաքականը կատարել է 8, Հայաստանը՝ 9 հարված։ Հանդիպման վերջնամասում Չեռնոգորիան մնացել է տասը ֆուտբոլիստով․ Ստեֆան Լոնչարը կարմիր քարտ է ստացել։
Չորրրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 4 միավոր և C2 խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Չեռնոգորիան 10 միավորով գլխավորում է խումբը, Կիպրոսը 7 միավորով երկրորդն է։
Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերին՝ Երևանում Կիպրոսի և Ռիգայում՝ Լատվիայի դեմ։
Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել էր Կիպրոսի հավաքականին։ Երկրորդ տուրում Հայաստանը 2։3 հաշվով պարտվել էր Չեռնոգորիայի ընտրանուն, առաջին տուրում՝ 2։0 հաշվով հաղթել Լատվիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







