Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ստեֆան Սավիչը Հայաստանի ընտրանու հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո նշել է մրցակից թիմի հուսալի պաշտպանությունը՝ խոստովանելով, որ իրենց չի հաջողվել ճեղքել մրցակցի ցածր պաշտպանական դիրքը, հայտնում է Vijesti-ն։
«Մենք չկարողացանք անցնել նրանց ցածր պաշտպանական դիրքը։ Ափսոս, չկարողացանք 12 միավոր վաստակել, բայց, ընդհանուր առմամբ, 10 միավորն ու առաջին տեղը հիանալի արդյունք են»,- ասել է Սավիչը։
Նրա խոսքով՝ հանդիպման վրա ազդել է նաև ֆուտբոլիստների հոգնածությունը։ Որոշ խաղացողներ 11 օրվա ընթացքում 4 հանդիպում են անցկացրել, իսկ վերականգնման համար ժամանակի պակասն ու թռիչքները դժվարացրել են նախապատրաստությունը։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում Չեռնոգորիայի հետ ոչ-ոքի՝ 0։0 էր խաղացել։ Չորրորդ տուրից հետո Հայաստանի ընտրանին 4 միավորով C2 խմբի երրորդ տեղում է։
Ազգերի լիգայի խաղարկության հաջորդ հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերին․ նոյեմբերի 12-ին Երևանում կընդունի Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում կհանդիպի Լատվիայի հետ։
Սեպտեմբերին Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականներն արդեն հանդիպել էին Երևանում։ Այդ խաղում Հայաստանի ընտրանին պարտվել էր 2։3 հաշվով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







