Ղազախստանցի MMA մարտիկ Կուատ Խամիտովը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանում ռևանշային գոտեմարտ անցկացնել Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանի հետ, հայտնում է Offside.kz-ը։
Թբիլիսիում RAF (Real American Freestyle) պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայի մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում Խամիտովից հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է արդյոք ռևանշը Ծառուկյանի հետ։
«Լսել եմ, որ RAF-ի մրցաշար է անցկացվելու Հայաստանում։ Եթե Արմանը պատրաստ լինի, ուրախ կլինեմ ռևանշ անցկացնել Հայաստանում»,- ասել է նա։
Ծառուկյանը կատակով արձագանքել է մրցակցի առաջարկին։
«Դու Վրաստանում էլ ես ուզում ինձ հաղթել, Հայաստանում էլ ես ուզում ինձ հաղթել... Ի՞նչ է ստացվելու, ինձ միանգամից երկու երկրի՞ց են արտաքսելու»,- ասել է հայ մարզիկը։
Հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած RAF-ի մրցաշարում Ծառուկյանը 11։0 հաշվով վաղաժամ հաղթել էր Խամիտովին ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգտոնը։






















