Մարտի 15-ին՝ Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին, հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ Այս մասին գրառում է արվել Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Ինչպես նշում է աղբյուրը, թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:
Համաձայն աղբյուրի՝ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.
1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ,
2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ,
3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







