Բժշկական դիմակների խնդիր ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ, առկա է դիմակների համաշխարհային դեֆիցիտ: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ դիմակներ չկան շատ երկրներում կամ եթե կան, ապա եղածը թանկացել է:
«Այստեղ անհրաժեշտություն կա մեծացնել դիմակների արտադրության հզորությունը: Մեր կարիքների համար մենք ներկրել են 165 հազար դիմակ, առաջիկայում 50 հազար էլ կներկրենք: Դրանք առաջին հերթին խիստ անհրաժեշտ են բժշկական հաստատություններում»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ քննարկվում է Հայաստանում դիմակների արտադրություն կազմակերպելու հարցը, սակայն գործարարները հասկանում են, որ հնարավոր է բռնկումները շուտով վերանան, և այդ դեպքում իրացման խնդիր կլինի՝ միաժամանակ հավելելով, որ հնարավոր աշխատանքներն արվում են քաղաքացիների համար դիմակների հասանելիությունն ապահովելու համար:
«Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, պետք չէ փողոցում քայլելիս դիմակներ կրել: Այն անհրաժեշտ է կրել, եթե շփվում եք շնչառական վիրուսով մարդու հետ: Կամ պետք է դիմակ կրի հենց շնչառական վիրուս ունեցող քաղաքացին»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով դիմակների գներին՝ Թորոսյանը նշեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործիքակազմով հսկում է, որ արհեստական աճ չլինի, և «շուկայում սպեկուլյացիաներ կան»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







