Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրոուշահին մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Գործակալությունը հայտնում է, որ քաղաքական գործչին նախորդ օրը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Վերլուծությունները հաստատել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Հինգշաբթի առավոտյան Հադի Խոսրոուշահին մահացել է: Դիվանագետի հարազատներին և բարեկամներին ցավակցություն է հայտնել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի՝ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեքարի մոտ: Նաև Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զոնուրը հայտարարել է, որ կորոնավիրուսի համար իր հանձնած թեստը դրական արդյունք է տվել: Բացի այդ, հիվանդությունը հայտնաբերվել է Մեջլիսի պատգամավոր Մահմուդ Սադեկիի, Իրանի առողջապահության և բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ:
Գործակալությունը նշում է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը 245 է, որից 26-ը՝ մահվան ելքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







