Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Apple-ի առաջին կրթական ծրագիրը Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) գործարկելու համար։ Կողմերն ընդգծել են կրթական ծրագրի ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանք կատարելու իրենց պատրաստակամությունը։
Դեսպանությունից տեղեկացնում են նաև, որ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը։
Մկրտչյանը հանդիպել է նաև OpenAI-ի Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և Միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։ Քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։ Դեսպանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն։ OpenAI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջիկայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը։






































