Շիրակի մարզի համայնքներից մեկի բնակիչները լուսան են նկատել, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Կենդանին տեղափոխվել է Երևանի մասնագիտացված կենտրոն՝ անվտանգության ապահովման և բնական միջավայրին հնարավորինս մոտ պայմաններ ստեղծելու նպատակով։
Լուսանները սովորաբար ապրում են լեռնային և անտառապատ տարածքներում:
Նախարարությունում լուսանի հայտնաբերումը կարևոր փաստ են համարել երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից: Գերատեսչությունից նախազգուշացրել են, որ լուսանը վայրի կենդանի է, և բնական միջավայրում նրան մոտենալը կարող է վտանգ ներկայացնել ինչպես կենդանու, այնպես էլ մարդու համար:
«Խորհուրդ է տրվում չփորձել բռնել կամ կերակրել լուսանին: Չի կարելի մոտենալ կամ հետապնդել նրան՝ տեսանկարահանելու նպատակով»,- ընդգծել է ՇՄՆ-ն։
Նախարարությունը նաև հորդորել է քաղաքացիներին լուսանի հայտնաբերման դեպքում այդ մասին հայտնել համապատասխան բնապահպանական մարմիններին՝ նշելով դիտարկման վայրն ու ժամը:





































