Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ: Հայաստանում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս մարզերը համարվում են վտանգավոր գոտիներ, բայց ականներ կան նաև այլ շրջաններում: Այսօր Հանրապետության տարածքում ապրում է ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի: Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն ամեն տարի իրազեկում են մոտ 10000 մարդու: Այս օրերին, աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակում ենք իրականացնել իրազեկման աշխատանքներ` օգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները: Վերջին շրջանում, ավելացել են ականի և պատերազմից մնացած զինամթերքի պայթյունի դեպքերը, որոնք ունեցել են նաև ծանր հետևանքներ` որոշները մահվան ելքերով: Այս կապակցությամբ, Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնը զգոնության կոչ է անում: Եվս մեկ անգամ հորդորում ենք չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն»,- ասված է գրառման մեջ:
Կոչ է արվում՝ ական կամ չպայթած զինամթերք տեսնելու դեպքում, խուճապի չմատնվել: Մենակ չլինելու դեպքում խորհուրդ է տրվում գոռալ և զգուշացնել մյուսներին հնարավոր վտանգի մասին։
«Եթե մենակ եք՝ զանգահարե՛ք համապատասխան մարմիններին և սպասե՛ք մինչև մասնագետները հասնեն դեպքի վայր:
ՀԱՓԿ ՊՈԱԿ թեժ գծի հեռախոսահամար 0-8000-9000,
ԱԻՆ՝ 911,
ոստիկանություն՝ 102:
Հետևեք մեր կայքին և եղեք իրազեկված ու պաշտպանված»,- ասված է գրառման մեջ::
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։