Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ ու Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական Gazzetta.it պարբերականին տված հարցազրույցում խոսել է ընթացիկ մրցաշրջանի փոփոխությունների, երիտասարդ խաղացողների հեռանկարների և փոփոխություններին հարմարվելու կարողության կարևորության մասին։
Մխիթարյանը նշել է, որ թեև ընթացիկ մրցաշրջանում խաղացած հանդիպումների քանակով նա 5-րդից տեղափոխվել է 11-րդ տեղ, իր համար էական ոչինչ չի փոխվել։ Նա ընդգծել է, որ երբեք չի գնահատում իր խաղը խաղադաշտում անցկացրած րոպեների թվով, շարունակում է նվիրված աշխատել և պայքարել թե՛ մարզումներում, թե՛ խաղերի ընթացքում։
Ֆուտբոլիստի խոսքով՝ 37 տարեկանում նորմալ է տեղը զիջել երիտասարդներին: Մխիթարյանն ասել է՝ ուրախ է այնպիսի ֆուտբոլիստների առաջընթացի համար, ինչպիսին է, օրինակ, խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը, որն իրեն լավ է դրսևորում «Ինտերում»։ Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է Սուչիչին համարել «նոր Մխիթարյան», Հենրիխը նշել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ եզակի է։ Նա բնութագրել է Սուչիչին որպես լուրջ, աշխատասեր և ուսանել սիրող խաղացողի, որը նույնիսկ իտալերեն է սովորում՝ թիմին ավելի լավ հասկանալու համար։
Մխիթարյանի կարծիքով՝ Սուչիչը ժամանակակից կիսապաշտպան է՝ լավ տեխնիկայով, ֆիզիկական պատրաստվածությամբ և արագությամբ, սակայն դեռ ունի տակտիկական զարգացման պակաս, ինչը բնական է 21-ամյա ֆուտբոլիստի համար։
Խոսելով այն մասին, թե որքան դժվար է տարիների ընթացքում դուրս գալ «հարմարավետության գոտուց», Մխիթարյանը նշել է, որ իր համար դա երբեք խնդիր չի հանդիսացել, քանի որ հավատում է դրական փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ հաղթանակի համար անհրաժեշտ է արագ հարմարվել, ճիշտ որոշումներ կայացնել և չդժգոհել, որպեսզի չխախտվի թիմային հավասարակշռությունը։
Նրա խոսքով՝ իրենց թիմում բոլորը «բաց են փոփոխությունների նկատմամբ», իսկ ինքը սովոր է աշխատել տարբեր ոճերի մարզիչների հետ և խաղալ տարբեր տակտիկաներով։
«Ֆուտբոլում, ինչպես և կյանքում, հաղթում է նա, ով կարողանում է փոխվել»,- հավելել է Մխիթարյանը։
Մխիթարյանը «Ռոմայից» «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ 2023 թվականի սեպտեմբերին նա ներառվել էր «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում, իսկ նույն տարվա դեկտեմբերին երկարացրել էր պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ 2024 թվականի ապրիլին Մխիթարյանն առաջին անգամ «Ինտերի» կազմում դարձել էր Իտալիայի չեմպիոն։






































