ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից զգուշացրել են «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում վտանգավոր սննդամթերքի վաճառքի մասին։
Նշվում է, որ ՍԱՏՄ-ն հոկտեմբերի 8-ին կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող՝ Սարյանի 22 հասցեում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ արտադրվող արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել սահմանված պահանջներին։
Տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանն ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է, հայտնում են Տեսչական մարմնից։
«Տնտեսավարողի պահվածքը նվազագույնն անպարկեշտ է, քանի որ Տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվում է միմիայն որոշմամբ հաստատված տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։


































