«Իմ և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ սկսված էժանագին արշավի շրջանակներում այսօր հրապարկվել է մի տեսանյութ, որն, իբր, վկայում է այն մասին, որ մեր ընտանիքն էլեկտրաէներգիա է գողանում Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքից»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Ինչպես նշեց Դիանա Գասպարյանը, այդ մեղադրանքներն աբսուրդ են։ Միևնույն ժամանակ, նա անհրաժեշտ է համարել ներկայացնել հետևյալ պարզաբանումը:
- «ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինն անմիջապես արձագանքել է տեսանյութին և այցելել «դեպքի վայր». այնտեղ որևէ լար չի հայտնաբերվել,
- Առհասարակ, դժվար է փաստել, որ տեսանյութում մեր տունն է. դրանում միայն երևում են ծառեր, ինչ-որ տանիք, ինչ-որ բարձրահարկ տուն, որը վստահաբար մերը չէ և վերջ: Անգամ եթե ենթադրենք, որ տեսանյութում մեր տունն է, պարզ չէ, թե խնդրահարույց լարն ուր է գնում, ինչ նպատակի է ծառայում և որն է դրա վերջնակետը:
- Առավել դժվար է փաստել, որ ցուցադրվող մյուս տարածքը Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի տարածքն է. երևում են միայն ինչ-որ թփեր, և որևէ իդենտիֆիկացնող առարկա բացակայում է,
- Սենսացիա առաջացրած լարի մյուս կողմը, ինչպես երևում է տեսանյութում, ընկած է գետնին, մինչդեռ դրանով հոսանք տեղափոխելու դեպքում այն կանցներ օդով,
- Այսպիսով, եթե անգամ ենթադրենք, որ իսկապես տեսանյութում երևում է մեր տունը կամ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը, այն անձը, որն անարգել մուտք էր գործել տարածք, կարող էր այդ լարը բերած լինել իր հետ՝ այս անհեթեթ շոուն կազմակերպելու համար,
- Եթե մեր ընտանիքը «լույս գողանար», տրամաբանորեն մենք ընդհանրապես էլեկտրաէներգիայի գումար չէինք վճարի կամ կվճարեինք սիմվոլիկ մի քանի հազար դրամ: Ստորև հրապարակում եմ մի քանի ամսվա մեր կոմունալ վճարումների անդորրագրերը, որոնցից պարզ երևում է, որ տունը տաքացվում է գազով (օրինակ փետրվար ամսին սպառել ենք 73.000 դրամի գազ, մարտին՝ 62.000 դրամի գազ, ապրիլին՝ 25.000 դրամի գազ): Միևնույն ժամանակ, գազով տաքացվող տան համար փոքր չէ նաև էլեկտրաէներգիայի գումարի սպառումը (հունվար ամսին՝ 9000 դրամ, մարտ ամսին՝ 7000դրամ): Պահպանվել են միայն այս անդորրագրերը, սակայն մեր լրատվականները ցանկության դեպքում կարող են դիմել և ստանալ մեկ կամ մի քանի տարվա վճարումների մասին տեղեկատվություն»,- գրել է Գասպարյանը:
Էջմիածնի քաղաքապետի խոսքով՝ այս ամենը իր և իր գործունեության դեմ ուղղված ստի և կեղծիքի արշավի դրսևորում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







