Խորհրդարանում սեպտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հարցով լսումներին զուգահեռ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի է ունեցել ակցիա, որի ընթացքում քաղաքացիները և մի շարք ուժերի անդամներ պահանջել են հասնել վարչապետի հրաժարականին։ Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Նրանք մեծ էկրանից են հետևել ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը։ Ակցիայի մասնակիցներից Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Փաշինյանի իմփիչմենթի գործընթացով «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբվելու կոչ է արել։
«Հուսով եմ, որ բոլոր ընդդիմադիրները միավորվելու են իմփիչմենթի գործընթացի շուրջ։ Քանի ուշ չէ, ես բոլորին հորդորում եմ միավորվել»,- ընդգծել է նա։
«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը խորհրդարանական լսումներից հետո ողջունել է «Հայաստան» խմբակցության՝ իմփիչմենթի գործընթացին միանալու որոշումը։ ԱԺ-ում այսօր այդ որոշման մասին հայտարարել էր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և իրենց ստորագրությունները փոխանցել «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ ավելացնելու իրենց ստորագրություններին և կցելու իմփիչմենթի նախագծին։
«Իմփիչմենթի նախաձեռնության համար այսօրվա դրությամբ 34 ստորագրություն ունենք, ինչը մեծ առաջընթաց է։ Շնորհակալ եմ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին, ովքեր միացան։ Կարող ենք արձանագրել, որ այս հարցում այս պահի դրությամբ ընդդիմության ներսում այլևս թեժ հարցեր չկան, և խորհրդարանական ընդդիմությունը միասնական ճակատով է»,- շեշտել է Մալյանը՝ ընդգծելով, որ այդ միասնականությանը պետք է միանա նաև արտախորհրդարանական ընդդիմությունը։
Մալյանի կարծիքով՝ իմփիչմենթի գործընթացի համար նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ներգրավվելու միակ ճանապարհը հանրային ու համազգային միավորումն է։
«Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը պետք է աշխատանք տանի ՔՊ-ի հետ՝ իմփիչմենթի գործընթացին միանալու հարցով։
«Քննարկումները պետք է տեղափոխել նաև ՔՊ-ի դաշտ, որ նրանք քվեարկեն իմփիչմենթի օգտին»,- հավելել է նա։
Մալյանն ու Ղազարյանն իմփիչմենթ անցկացնելու կոչով ապրիլին դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն աջակցել էր նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: Սեպտեմբերի 26-ի ԱԺ լսումներին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր իմփիչմենթի գործընթացին միանալու մասին։
Անկախ պագամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը մայիսին վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

































