Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Ուղերձում ասվում է․ «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։
Մեր ժողովուրդների համար այս նվիրական օրը նշելով՝ մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց անմահ սխրանքին, ովքեր պայքարեցին ֆաշիզմի դեմ՝ խաղաղություն և ազատություն ապահովելով ապագա սերունդների համար։
Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված մարտական եղբայրության ավանդույթները, համախմբվածությունն ու փոխօգնությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։
Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարօրության մաղթանքներս»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել նաև Հայաստանի վարչապետին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։
Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, ովքեր ճակատում իրենց դրսևորած խիզախությամբ և թիկունքում կատարած անձնուրաց աշխատանքով օգնեցին հաղթանակ տոնել նացիզմի դեմ, պաշտպանել խաղաղությունը ապագա սերունդների համար:
Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին:
Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարեկեցության և երկար տարիների կյանքի անկեղծ բարեմաղթանքներս»:
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս հանդիսավոր օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուսաստանցիներին և հայերին, ովքեր ուս ուսի մարտնչել են ֆաշիստական զավթիչների դեմ՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի:
Վստահ եմ, որ պատերազմի բովով անցած մարտական բարեկամությունը հուսալի հիմք կծառայի ռուս-հայկական համագործակցության և գործընկերության ամրապնդման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա զարգացման համար:
Հարգելի Նիկոլ Վովայի,
խնդրում եմ Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցել խորին երախտագիտության խոսքերս, բարօրության, քաջառողջության և երկարակեցության մաղթանքներս»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







