«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ մեկնարկել և առաջիկայում լայն թափով ընթանալու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները։ 99 մետր բարձրությամբ հուշարձանը կտեղադրվի Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա։
Նա նշել է, որ հանձնարարել է մշակել մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ «աշխարհի ցանկացած ծայրից, երկրին բարի կամեցող ցանկացած մարդ, հնարավորություն ստանա մասնակցելու շինարարական աշխատանքներին, կարողանա մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել»։
Ծառուկյանը նշել է, որ Քրիստոսի արձանը դառնալու է «Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ»։
Ծառուկյան հիմնադրամը 2022-ի օգոստոսին հայտարարել էր Հիսուսի արձանի աշխատանքների մեկնարկի մասին, կառավարությունը թույլտվություն էր տվել արձանը կառուցելուն: Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել էր, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել մայրաքաղաքում հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։






































