Սեպտեմբերի 2-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետի երկարաձգումը Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն անվանել է օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարում։
«Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն»,- նշել է Մայր Աթոռը ֆեյսբուքյան իր էջում։
Եկեղեցին հորդորել է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել Աջապահյանին և «կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»։
Հունիսի 27-ի խուզարկություններից հետո իրավապահները երկու ամսով կալանավորել էին Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Նա չի ընդունում մեղադրանքը:
Նույն օրն ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ միանում է Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ կաթողիկոսի և թեկնածուի համաձայնության պարագայում։ Աջապահյանը, մինչդեռ, խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել, քանի որ «լիովին բավարարված է» իր ծառայությունից՝ իբրև հոգևորական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







