Ապամոնտաժվել է Աժդահակ լեռան՝ բնության հուշարձան հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարը, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ համացանցում քաղաքացիների կողմից տարածված Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ էր հարուցվել։
Ըստ նախարարության՝ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել էր ապօրինի ջրառ։ Նախարարությունից հավելել են, որ իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։






































