Սևանա լճի կանաչման (ծաղկման) պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Գերատեսչությունն արձագանքել է փորձագետ Այսեր Ղազարյանի՝ «Սևանա լիճը կրկին ծաղկել է» ֆեյսբուքյան գրառմանը։ Փորձագետը գրել էր, որ լիճը «շարունակում են գերշահագործել, աղտոտել բոլոր հնարավոր ձևերով, միջազգային ծրագրերով․ մասնավորապես՝ EU4Sevan ծրագիր՝ բյուջեն 5,7 միլիոն եվրո, խորոշ գումարներ վատնել/«լվանալ» Սևանի փրկության ծրագրերի անվան տակ, իսկ ամենավատ օրերը դեռ առջևում են»։
Ըստ ՇՄՆ-ի՝ լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։
Նշվում է, որ եթե վերջին տարիներին Սևանի ծաղկումն անդադար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։ Նախարարության կողմից դաշտային հետազոտությունների ժամանակահատվածում Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել։
1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։






































