Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ և մարզիչ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման նպատակով կառավարությունը հատկացրել է 6,9 միլիարդ դրամ, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Բյուջեն ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինաշխատանքները, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը և ենթակառուցվածքների ձևավորումը։
Մարզադպրոցը կունենա հատուկ մարզատեսակների (գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա) մարզասրահ, ունիվերսալ մարզադահլիճ՝ տրիբունայով՝ 532 հանդիսատեսի համար, կենցաղային տարածքներ, հանդերձարաններ և սանհանգույցներ, վարչական և սպասարկման տարածքներ, ավտոկայանատեղի՝ 88 մեքենայի համար, տեխնիկական տարածք, գույքի պահեստներ և արհեստանոց, ջեռուցման և օդափոխության համակարգ՝ առանձին սենյակների համար կարգավորումներով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Նախատեսվում է մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին։
«Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ համալիրը նաև կհյուրընկալի 2027 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։
Ազարյանը կյանքից հեռացել էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում: Նրա աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։
Ազարյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ։ Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։





































