Օգոստոսի 30-ին Երևանում կայանալիք Կոկա-կոլայի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած «Կոկա-Կոլա ֆեստ» փառատոնին իրանական ծագում ունեցող երգչուհի Սևդալիզային հրավիրելը հասարակական շրջանակներում քննադատությունների է արժանացել։
Պատճառը երգչուհու աղմկահարույց կերպարը և տեսահոլովակներն են, որոցից մեկում, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան։ «Սրբազան Հայաստան» էջում նշել են, որ այդ այցը Հայաստանի և ժողովրդի դեմ հոգևոր հարձակման օրինակ կարող է դառնալ։
«Իրանի ադրբեջանական արմատներ ունեցող այս երգչուհին մոտ մեկ ամիս առաջ թողարկել է մի սրբապիղծ տեսահոլովակ, որտեղ անարգում ու պղծում է խաչը, ծաղրում մեր Փրկչին, այլասերված տեսարաններ բեմադրում ավետարանական դրվագներով: Այս սատանիստական շաբաշի հեղինակն ինչո՞ւ է հրավիրվել Հայաստան: Չէ՞ որ այս սրբապիղծը բացահայտորեն ծաղրում է քրիստոնեական արժեքները և վիրավարում քրիստոնյաների կրոնական զգացմունքները»,- ասված է էջում։
Համացանցում իրենց դժգոհությունները և վրդովմունքն են հայտնել հայ մի շարք մշակութային, հասարակական գործիչներ ու պարզապես քաղաքացիներ՝ կոչ անելով չեղարկել երգչուհու այցը։
Փառատոնի կազմակերպիչներն արձագանքել են բողոքներին՝ ընդգծելով, որ «լսում և ընդունում են հեդլայներ Սևդալիզայի շուրջ հնչող կարծիքներն ու մտահոգությունները։
«Մեր թիմն ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ վերանայելով իրավիճակը, և շատ շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- նշված է պաշտոնական էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







