Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/5 հասցեում գտնվող՝ 19,8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող վերոնշյալ հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:
Վերոնշյալ 16 հայցադիմումից 4-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436,8 քմ մակերեսով, Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով, Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողամասերը:






































