Սեպտեմբերից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից, և քաղաքացին դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Գործող կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։
Նոր համակարգով Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:
Սեպտեմբերից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։ Ամբողջ գործընթացը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և գործարկվելիք հարթակի միջոցով։





































