Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց ՀՀ հարկային օրենսգրքում, որը հնարավորություն կտա շահութահարկ վճարողներին իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով պետական հանրակրթական դպրոցներին, բու-երին և նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից:
Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:
«Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերի, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը: Դա որոշակիորեն կբավարարի նշված կրթական հաստատությունների դրամական պահանջները, մյուս կողմից` կստեղծի կրթություն-բիզնես ամուր կապերի հիմք` ապահովելով կադրերի պատրաստման և հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Բուհերի և խոշոր ու միջին բիզնեսների շրջանում իրականացված հարցման հիման վրա կանխատեսվել է, որ նախագծի ընդունման արդյունքում կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25%-ով։
Նախագիծը մշակվել է ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և քննարկվել է 2023 թվականի ապրիլին ՀՀ փոխվարչապետի նախագահությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում։





































