ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը, գրում է «Հետք»-ը:
Նախարարությունը եկեղեցուն շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել: Դատախազությունը գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Պաշտպանության նախարարության և եկեղեցու դեմ ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հուլիսի 30-ին, և դեռ վարույթ ընդունված չէ:
Գլխավոր դատախազությունից «Հետքին» պարզաբանել են, որ պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվել է կառավարության 2018թ. մարտի 29-ի «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշումը:
Նշված որոշման հիման վրա 2019թ. օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարարության և եկեղեցու միջև կնքվել էր անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Նախարարությանը տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 9427.3 քմ մակերեսով շենք-շինությունները և 8,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն անհատույց օտարվել էր եկեղեցուն:
«Վերաբերելի օրենսդրական ակտերի, ՀՀ կառավարության 2018թ. մարտի 29-ի թիվ 336-Ա որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի Դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,- լրատվամիջոցին հայտնել են Գլխավոր դատախազությունից:


























