Երևանի քաղաքապետարանի ներկայիս աշխատանքային ծրագրերում հեծանվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործող ծրագրեր առկա չեն, սակայն միջազգային գործընկերների հետ ներկայումս քննարկվում է հեծանվային ուղիներ կազմակերպելու հարցը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ ի պատասխան Armenia Today-ի գրավոր հարցման, թե հաշվի առնելով հեծանվով տեղաշարժվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձը, ինչպես նաև քաղաքաշինական և էկոլոգիական զարգացման արդի միտումները, ձեռնարկվո՞ւմ են քայլեր մայրաքաղաքում հեծանվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
Քաղաքապետարանից հավելել են, որ Հրազդանի կիրճի երկու հատվածում (Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում), որոշակի օրերին իրականացվել են ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումներ, տեղադրվել են երթևեկությունը սահմանափակող նշաններ և միջոցներ՝ հանգստյան օրերին տվյալ հատվածներում հեծանվով երթևեկությունը խրախուսելու համար։
«Հավելենք, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրական շարժունակության ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հրազդանի կիրճ-Երևանյան լիճ-Դալմայի այգիներ երթուղով հեծանվային կապուղիների ստեղծում»,- նշել են քաղաքապետարանից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Armenia Today-ին հայտնել են, որ հեծանվային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը պետք է իրականացվեն ՀՀ համայնքների նախաձեռնությամբ: Միևնույն ժամանակ, նախարարությունը պատրաստ է համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ՝ նման ծրագրերի նպատակահարմարությունն ուսումնասիրելու ուղղությամբ»։
«Հաշվի առնելով ՀՀ-ում և հատկապես Երևանում վերջին տարիներին հեծանվորդների թվի ավելացման միտումը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ քաղաքային համայնքների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի) հետ կդիտարկի հեծանվային ենթակառուցվածքների զարգացման, կայանատեղերի ավելացման և հեծանվորդների անվտանգությանը ուղղված միջոցառումներ իրականացնելու արդիականության հարցը, և ըստ անհրաժեշտության, Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարական փաստաթղթում կներառի հեծանվային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համապատասխան միջոցառումներ»,- հավելել են ՏԿԵՆ-ից:
Երևանում առաջին հեծանվուղին բացվել էր 2012 թվականի հոկտեմբերին։ Այն ձգվում է Օղակաձև զբոսայգով՝ «Առագաստ» սրճարանից մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին՝ մոտ 2,5 կմ երկարությամբ։ Չնայած վարչապետի հեծանվային զբոսանքներին ու քաղաքացիների աճող հետաքրքրությանը՝ ՀՀ մեծ քաղաքներում քիչ են հեծանվուղիները, բանկերի, առևտրային կենտրոնների, դպրոցների կամ համալսարանների առաջ էլ հիմնականում չկան հեծանիվ կայանելու հատուկ տեղեր։





































