Նախորդ տարի պետական բյուջեից հատկացված միջոցներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրականացրել է աննախադեպ ծավալի անտառտնկման աշխատանքներ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի «Ոսկեպար» անտառպետությունում 2019-ի գարնանն ու աշնանը տնկվել էր շուրջ 70․000 ծառ։ Աշխատանքներին մասնակցել է 120 սեզոնային աշխատող, որոնք միայն մեկ անտառտնտեսությունում տնկել են 35․000 կաղնի, 15․000 հացենի, 15․000 թխկի և 5000 խնձորենի։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Անտառագետների առաջարկով քննարկվել են մի շարք նորարարական մեխանիզմներ, ըստ որոնց շինափայտ կամ վառելափայնտ չհանդիսացող թափուկը կարող է վերամշակվել և սպառվել որպես բրիկետ կամ անգամ բնական հումքով հարուստ անասնակեր։
Հիշեցնենք, որ 2019 թվականին պետական բյուջեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է 150 հեկտար անտառվերականգնման աշխատանք, որից 140 հեկտարը տնկման միջոցով, 10-ը՝ ցանքսի։
2020 թվականին ևս նախատեսված է իրականացնել շուրջ 150 հեկտար անտառվերկանգնում։ Դրան զուգահեռ գործարկվել է նաև կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային 15-րդ ծրագիրը, որի շրջանակներում գետերի ափամերձ հատվածներում նախատեսվում է տնկել ուռենու շուրջ 2 միլիոն կտրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







