Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել վարչապետի մամլո ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․ «Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին:
Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով վայելում էր համաժողովրդական մեծ սերն ու համբավը»:
ՀՀ Վարչապետը շեշտել է, որ Մանարյանը մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







