Այսօր լրանում է 2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցը։
Հայ սպան Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլալեզու ուսումնական դասընթացներին։
Բուդապեշտի քաղաքային դատարանը ադրբեջանցի մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Չնայած դրան՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին, որտեղ էլ անհապաղ ներում ստացավ։ Նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան՝ Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Հայ սպայի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ եզրափակիչ փուլում: Ավարտվել է հաղորդակցությունների գրավոր փուլը, և դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է։
Նախատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







