Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին հորդորել է Ավետարանի քարոզչությամբ ամրապնդել հավատացյալների քրիստոնեական գիտակցությունը, որպեսզի հավատքը լինի ոչ միայն ժառանգված ավանդություն, այլև անձնական համոզմունք, հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Կաթողիկոսը նոյեմբերի 23-ին ընդունել է նոյեմբերի 22-ին քահանայական ձեռնադրության և օծման արժանացած ինը հոգևորականներին։ Նրանց ուղեկցել է Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Գարեգին Երկրորդը շնորհավորել է նորաօծ քահանաներին և հորդորել հավատարիմ մնալ Սուրբ Խորանի առջև տված ուխտին ու նվիրումով իրականացնել հոգևոր ծառայությունը։
Նա նաև քահանաներին կոչ է արել մշտական հոգևոր հոգածությամբ և անձնական օրինակով ամրապնդել եկեղեցի-հասարակություն կապը՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով ժողովրդի հոգևոր կյանքի զարգացմանը։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին։
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 24-ին հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ զեկույց, որով առաջարկել էր Գարեգին Երկրորդին հեռացնել կաթողիկոսական աթոռից և ընտրել նոր կաթողիկոս։ Կառավարությունը ներկայացրել էր նաև եկեղեցու կառավարման և ֆինանսական գործունեության փոփոխությունների ճանապարհային քարտեզ։ Մայր Աթոռն իշխանությունների մի շարք նախաձեռնություններ գնահատել է որպես միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







