ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համարել է Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներ 2028 թվականի նախագահական ընտրություններում, Fox News-ին հայտնել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ հանրապետականներն ունեն մի քանի քաղաքական գործիչներ, որոնք կարող են հաջող հանդես գալ ընտրություններում։
«Հանրապետականների կողմից կան մի քանի մարդիկ, որոնք կարող են շատ լավ հանդես գալ։ Ակնհայտ է, որ փոխնախագահը Ջեյ Դին է։ Մարկոն նույնպես լավագույններից մեկն է։ Նրանք երկուսն էլ հիանալի աշխատանք են կատարում»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Վենսն ու Ռուբիոն մեծ ժողովրդականություն են վայելում։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ 2028 թվականի ընտրություններում կարող են նաև անակնկալ թեկնածուներ հայտնվել։
Անդրադառնալով Դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածուներին՝ Թրամփը զարմանք է հայտնել, որ նրանց թվում հիշատակվում է նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը։ Նա նաև հիշատակել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին՝ ենթադրելով, որ դեմոկրատները կարող են առաջադրել նաև նախկինում լայն հանրությանը անհայտ քաղաքական գործչի։
Ամերիկյան լրատվամիջոցները նախկինում ևս Վենսին և Ռուբիոյին ներկայացրել են որպես 2028 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների հնարավոր թեկնածուներ։
Թրամփը մայիսին Վենսին և Ռուբիոյին անվանել էր իդեալական թիմ՝ նրանց դիտարկելով որպես կուսակցության հնարավոր թեկնածուներ։ Սակայն նոյեմբերին նա հայտնել էր, որ 2028 թվականի ընտրությունների հարցը դեռ չի քննարկել իր խորհրդականների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







