ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքը, հայտնել է գերատեսչությունը։
Ըստ Հակակոռուպցիոն դատարանի կողմից վարույթ ընդունված դատախազության հայցադիմումի՝ բռնագանձման են ենթակա 10 անշարժ գույք և ավելի քան 902 միլիոն դրամ (մոտ $2,5 մլն)։
Բացի անշարժ գույքից և դրամական միջոցներից, դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել նաև 2 տրանսպորտային միջոց և 5 իրավաբանական անձերում մասնակցություն։
Ըստ դատախազության՝ բռնագանձման ենթակա է 666 միլիոն դրամ (մոտ $1,8 մլն) կազմող ապօրինի դրամական միջոցների մնացորդը։
Գերատեսչության տվյալներով՝ ևս 236 միլիոն 247 հազար դրամը (մոտ $650 հազար), հիմնավորված չի օրինական եկամուտներով։ Դատախազության պարզաբանմամբ՝ այդ գումարն ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Դատարանը գույքի բռնագանձման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Գասպարյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաև Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ)։
Սեպտեմբերի 30-ին Գլխավոր դատախազությունը պահանջել էր ՊԵԿ-ի նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 20 գույք և մոտ 1,6 մլրդ դրամ (մոտ 4,4 մլն դոլար)։
Արզումանյանը նախկինում զբաղեցրել է նաև Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։ Հակակոռուպցիոն դատարանն այդ գործով ևս վարույթ էր ընդունել դատախազության հայցադիմումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







