Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում նոյեմբերի 15-ին ներկայացվել է «Հայրենիքը սրտում» («Родина в сердце») գրական ալմանախի 16-րդ համարը, որում առաջին անգամ ընդգրկվել են նաև հայ դպրոցականների ստեղծագործությունները, հայտնում է «Երկրամաս» պարբերականը։
Միջոցառումը կազմակերպել է Ղրիմի հայ գրողների միությունը՝ Սուրբ Հակոբ եկեղեցուն կից «Ագապե» երիտասարդական կենտրոնում։ Ներկա են եղել միության անդամներ, Հայ երիտասարդության կոնգրեսի պատվիրակներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ալմանախում առաջին անգամ բացվել է «Առաջին քայլեր» խորագիրը՝ նախատեսված դպրոցականների ստեղծագործությունների համար։ Բաժնի առաջին հեղինակներն են Մարիա Գեժոյանը և Մարիամ Գյուլումյանը։ Վերջինս ներկայացրել է հայկական դիցաբանության մոտիվներով պատմվածք՝ իր հեղինակած կոմիքսային նկարազարդումներով։
Շնորհանդեսի ընթացքում իրենց ստեղծագործություններն են ներկայացրել նաև Վարդան Գրիգորյանը, Ստանիսլավ Յանը, Ալեքսանդր Սկլյարուկը և Տաթևիկ Ազարյանը։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են ևս երկու գիրք՝ Մաքսիմիլիան Վոլոշինի բանաստեղծությունների՝ Ղրիմի ժողովուրդների յոթ լեզուներով թարգմանություններն ընդգրկող «Կիմերյան էսքիզներ» ժողովածուն և գրողների միության անդամ Միխայիլ Պետրոսյանի «Իմ կյանքի ճանապարհը» ինքնակենսագրական վիպակը։
Հանդիպման ընթացքում արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան ստանալու կապակցությամբ շնորհավորել են Տիգրան Գաբրիելյանին։ Ղրիմի հայկական ընկերության փոխնախագահ Շամիր Խուբլարյանը նրան հանձնել է Հովհաննես Այվազովսկու անվան հուշամեդալ։
Նույն օրը Ղրիմի հայ գրողների միության ընդհանուր ժողովում քննարկվել է Վլադիմիր Վարդանյանի անվան միության նոր կանոնակարգը։ Փաստաթղթի մշակման նախաձեռնողը միության փոխնախագահ Տաթևիկ Ազարյանն է։ Մասնակիցները քննարկել են կանոնակարգը և առաջարկել փոփոխություններ՝ կազմակերպության գործունեության իրավական հիմքերն ամրապնդելու նպատակով։
«Հայրենիքը սրտում» գրական ալմանախը հրատարակվում է 2006 թվականից։ Նախորդ՝ 15-րդ համարը, որը նվիրված էր գրող և նկարիչ Հրաչյա Խաչատրյանի հիշատակին, ներկայացվել էր 2025 թվականի նոյեմբերին։ Շնորհանդեսի ընթացքում Ղրիմի հայ գրողների միությունը հայտարարել էր կազմակերպությունը հիմնադիր Վլադիմիր Վարդանյանի անունով կոչելու որոշման մասին։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







