Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է, որ այսօր Գրիգորյանի առողջության վերականգնման համար պաշտպանական կողմը դիմում է ՀՀ Կառավարությանը՝ ստանալու թույլտվություն՝ արտերկրում հնարավորինս նրա առողջությունը վերականգնելու համար։
«Գիտեմ, որ ինչ էլ ասեմ, թիրախավորվելու եմ ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է որպես զինվորի սնունդ գողացողի, որովհետև այդպես ցանկացան, թե այդպես ներկայացրեցին, արդեն կարևոր չէ: Մանվել Գրիգորյանին կարող են մեղադրել կոպտության, դաժանության, տարբեր տեսակի ու ձևի վատ բաների մեջ, այնպես, ինչպես կարող են մեղադրել պատերազմ տեսած, գերի ընկած, տարածքներ գրաված, ազատագրած, հետո դրանք պահած ու սերունդներին հանձնած բազմաթիվ զորավարների: Արցախյան հերոսամարտի օրերին Գրիգորյանն անգամ զոհված հարազատ եղբոր հուղարկավորությանը չմասնակցեց»,- նշել է փաստաբանը։
Բաղդասարյանն ընդգծել է, որ չգիտի պատմությունը հարյուր տարի հետո կանիծի այսօրվա սերունդին, թե` ոչ, բայց մի բան կա, որ ոչ այսօրվա սերունդը, ոչ էլ՝ վաղվա, չի կարող չարձանագրել. Գեներալ Մանվելը ոչ միայն պաշտպանել է հայ ազգի անվտանգությունը՝ հերթական անգամ ցեղասպանվելուց, այլ նաև ազատագրել է Մայր Հայաստանի տարածքի մի փոքր մասը և ամենակարևորը, այն կարողացել է նաև պահել, հետո էլ հանձնել այսօրվա պահապաններին:
Նա նշել է, որ հիվանդությունները, որոնք Մանվել Գրիգորյանը ձեռք էր բերել պատերազմի տարիներին, ավելի խորացել են այս վերջին մեկ տարում ու հասել ծանր աստիճանի, որ այլևս հնարավոր չէ բուժել Հայաստանում, ըստ բուժող բժշկի, այն հնարավոր է բուժել միայն արտերկրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







