Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիները, որոնց հոսանքն ու գազը անջատել են՝ կոմունալները չվճարելու պատճառով։
Հիշեցնենք, որ Հայաստանում կա 775 հազար ՀԷՑ-ի բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ։ Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 4300 բաժանորդների հոսանքն է անջատվել և 736 գազի բաժանորդների գազը։ Ընդ որում՝ էլեկտրական հոսանքի պարագայում բոլոր անջատվածների պարտքը կազմում է 30 հազար դրամ և ավելի, իսկ գազի բաժանորդների դեպքում՝ 80 հազար և ավելի։ Մենք կանգնել էինք մի խնդրի առաջ, որ երկրի էներգետիկ համակարգը կանգնել էր կոլապսի առաջ
«Վարչապետը խոստացել է, որ էլեկտրաէներգիան չեն անջատելու, իսկ այսօր խախտել է իր խոստումը։ Մենք պահանջում ենք այն, ինչի իրավունք ունենք։ Մենք չենք խախտում օրենքները և եկել ենք այստեղ զրուցելու վարչապետի հետ, որին մենք ընտրել ենք, և որը չի կատարում մեզ տված խոստումները», — հայտարարեց բողոքի մասնակիցներից մեկը։
Նրա պնդմամբ՝ 100 անգամ էլ վարչական արձանագրություն կազմեք, մեկ է, դուրս են գալու, գալու են այստեղ։
«Ինքը պետք է հասկանա, որ իր կողքի մարդիկ իրականությունը չեն ներկայացնում։ Այնպես չի, որ բան ու գործ չունենք անելու, եկել ենք կառավարության դիմացը կանգնել, ժամանակ ենք սպանում», — ասաց քաղաքացին՝ հավելելով, որ վարչապետն իր լայվի ընթացքում ասում էր, որ արտակարգ դրության պայմաններում մարդկանց գազն ու լույսը չի անջատվի։ Դա այն մինիմումն է, որ այս ժողովուրդը պետք է ունենա։
Նա նշեց, թե որպեսզի հետագայում շահարկումներ չլինեն, մեկ անգամ ևս ընդգծում է. իրենց պահանջը հենց դա է կառավարությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







